Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․
«2023 թվականի մայիսի 18-ին «Կովկասի ժառանգության մշտադիտարկման կենտրոնը» արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող «ճանապարհաշինարարական աշխատանքների» պատճառով վնասվել է Լաչինի պատմական գերեզմանոցը։ Ճանապարհաշինարարությունը, որը մեկնարկել է ադրբեջանական իշխանությունների կողմից 2022 թվականի հոկտեմբերի 15-ից, վնասել է Լաչինի գերեզմանոցի հյուսիսարևելյան և հարավային տարածքները։
Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկման կենտրոնը արբանյակային պատկերների միջոցով արձանագրել է այնտեղ տեղադրված 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումը: Հարկ է նշել, որ խաչքարերի մեծ մասի հստակ ոչնչացումը հնարավոր չի եղել փաստացիորեն վավերացնել՝ տեղադրության հետ կապված տեսանելիության խնդիրների պատճառով։
Լաչինի գերեզմանոցի ավերումը և խաչքարերի ոչնչացումը նմանօրինակ բարաբրոսության առաջին դեպքը չէ։ 44 օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային էթնոցիդի քաղաքականության արդյունքում թիրախավորվեցին նաև ճանապարհների մոտ գտնվող հայկական պատմական մի շարք բնակավայրեր և գերեզմանոցներ։ Դրանք ավերվեցին կամ անհետ ոչնչացվեցին գլոբալ ճանապարհաշինարարական աշխատանքների քողի ներքո, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու պատճառաբանությամբ։ Այս գործընթացի հետևանքով ավերվել է ինչպես Լաչինի, այնպես էլ Շուշիի պատմական գերեզմանոցը, Հադրութի գերեզմանոցը, անհետ ոչնչացվել են Ասկերանի շրջանի Շոշ համայնքի Սղնախի 18-րդ դարի հայկական գերեզմանոցը և այլ գերեզմանոցներ։
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման և յուրացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։
Լաչինի գերեզմանոցի տարածքի 14-րդ դարի եզակի խաչքարի ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ միջազգայնորեն արգելված է հատկապես խաչքարերի թիրախավորումը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թվականին ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանության կարիք, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։ Բացի այդ՝ խաչքարային արվեստը ճանաչված է որպես հայկական և, անկախ այս կամ այն պետության ցանկությունից, պետք է պահպանվի։
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց:
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերն ակնհայտորեն խախտում են արցախահայության՝ իրենց անցյալի ժառանգությանը հաղորդակից լինելու իրավունքը, որը հաստատված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից։ Իրավական տեսանկյունից Ադրբեջանը խախում է նաև 1966 թ. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը, և «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 27-րդ հոդվածը։ Հիշեցնենք, որ մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը զինված հակամարտությունների ժամանակ չի դադարում կիրառվելուց:
Օկուպացիայի ընթացքում տեղի ունեղող ամենատարբեր հարաբերություններն ու գործընթացները կարգավորվում են Միջազգային հումանիտար (մարդասիրական) իրավունքով ։ Մարդասիրական իրավունքի դրույթները կիրառելի են թշնամական զորքերի կողմից ռազմական գործողությունների սկսվելու կամ ներխուժման պահից, երբ տարածքը հայտնվում է թշնամական օտարերկրյա զինված ուժերի վերահսկողության տակ, նույնիսկ այն դեպքում, եթե օկուպացիան չի հանդիպում զինված դիմադրության և չկան մարտեր : Մշակութային արժեքների պաշտապնությանն են վերաբերում միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ , 39-րդ 40-րդ և 41-րդ կանոնները։
Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։