Search
Close this search box.

Դատախազությունը Դիլիջանի քրեականի պետին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն է ներկայացնելու

2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:

Նույն օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձա­նագրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը և տրված իրավական գնահատականը շտկելու համար, ինչը կատարվել է:

Դատախազի որոշմամբ՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է նաև հանձնարարություն՝ Ա. Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնելու, ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:

Տրված հանձնարարությամբ պահանջվել է քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները, ինչպես նաև քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը:

Միևնույն ժամանակ, դատախազի կողմից, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում, «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում սկսվել է ուսումնասիրություն՝ ի թիվս այլնի՝ անչափահասներին աշխատանքի ընդունելու օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտումները վեր հանելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Please enter a valid URL