«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ առնվազն երկու զարհուրելի դեպքի մասին հայտնի դարձավ։ Երկուսն էլ տեղի են ունեցել հունիսի 1-ին, երկուսն էլ կապված են երեխաների նկատմամբ բռնությունների հետ ու երկուսն էլ ցույց են տալիս, թե երեխաների պաշտպանության առումով մենք ինչքան հետ ենք քաղաքակիրթ աշխարհից։
Առաջինը համացանցում աղմուկ հանած տեսանյութն է, որում երեւում է, թե ինչպես է մի գազազած տղամարդ դաժան ծեծի ենթարկում մատուցողի շորերով մի երեխայի ու ոչ մի կերպ չի հանգստանում։ Տեսարանը լուռ դիտում է մեկ այլ՝ տարիքով տղամարդ եւ որեւէ ջանք չի գործադրում՝ տղային ոչ ադեկվատ այդ գազանի ձեռքից փրկելու համար։ Ծեծողը ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանն է, ծնունդով՝ երեւանցի, ծեծվողը՝ «Հաղարծին» ռեստորանային-հյուրանոցային համալիրի 16-ամյա մատուցողը, իսկ կռվի թեման համարի դիմաց վճարվելիք գումարն է։ Փաստորեն, քննչականի պետին դուր չի եկել, որ մատուցողն իրենից փող է ուզել։ Չէ՞ որ մեր մարզերում չգրված օրենք կա, որ իրավապահ մարմնի աշխատողներն օբյեկտներում հաշիվ են փակում ըստ ցանկության։ Կարող են փակել, կարող են չփակել, եւ ոչ մի օբյեկտի տեր չի հանդգնում նրանցից փող ուզել։ Այս երեխան խախտել է ավանդույթը եւ պատժվել։
Ավելի ուշ տեղեկացանք, որ Քննչական կոմիտեի քննիչները որոշել են ներել Արսեն Ղայթմազյանին՝ համարելով, որ նա ընդունել է մեղքը։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ քաղաքացու հաղորդումը ՔԿ-ն ստացել է մայիսի 10-ին, եւ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ կատարվել նախաքննություն։
«2006թ․ ծնված երիտասարդը, ով ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։ Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին եւ ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաեւ նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել եւ գիտակցում է, որ դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ, եւ խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որեւէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք, 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է»,- հայտնել էր ՔԿ խոսնակը։
Ծեծված երիտասարդի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը «Հրապարակին» հայտնեց, որ իր պաշտպանյալը բողոքը հետ չի վերցրել, Քննչական կոմիտեն է իր նախաձեռնությամբ որոշել ազատել նրան պատասխանատվությունից։ «Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Այդ երեխան չի ներել, նա մինչեւ հիմա էլ բողոքում է, ուղղակի մեր վարույթն իրականացնողը գտնում է, որ ջհանդամին, թե բողոքում է, ոչինչ, մեր աշխատողն է` զղջացել է, կարող ենք կարճել։ Դե թող ցանկացած քաղաքացի գնա, մեկին հարբած վիճակում ծեծի, գործը կկարճե՞ն։ Ի՞նչ է արել ոստիկանը, որ գործուն զղջացել է, ինչի՞ց վերցրին, աբսուրդ է»,- ասում է փաստաբանը։
Հետապնդումը դադարեցվեց, սակայն սադիստ պաշտոնյան շարունակում է աշխատել ներքին գործերի նախարարությունում եւ այսուհետ մարդ ծեծելու անառողջ ծարավին հագուրդ է տալու թաքուն վայրերում, տեսախցիկներից հեռու։ Այս դեպքն էլ հանրությանը հայտնի չէր դառնա, եթե տեսանյութը չտարածվեր համացանցում:
Սասուն Ռաֆայելյանը տեղեկացրեց, որ Դիլիջանի քրեականի պետի պաշտոնավարումը կասեցված է։ Բայց դա արվել է, որպեսզի հետո նա կրկին վերականգնվի պաշտոնում։ «Նա ազատված չէ գործից»։
Տեսանյութում երեւացող տարեց տղամարդն էլ, պարզվում է, «Հաղարծին» ռեստորանի խոհարարն է, որը վախեցել է միջամտել քրեականի պետի գործողություններին։
Ինչպե՞ս ստացվեց, որ այդքան ուժգին հարվածների պարագայում մատուցողը լուրջ վնասվածքներ չստացավ։ Սասուն Ռաֆայելյանը պատասխանում է․ «Քրեականի պետը հարբած է եղել։ Հարբած մարդը չի կարողանում ուժեղ հարվածել, ու տեսանյութում երեւում է, որ երեխան պաշտպանվում է, չի էլ փորձում պատասխանել։ Ուղղակի, վերեւից անընդհատ խփում է երեխայի գլխին»։
Երկրորդ զարհուրելի դեպքը, որի մասին հանրությունը տեղեկացավ երեկ՝ Երեխաների պաշտպանության օրը, մեկ տարեկան տղայի մահն էր՝ «Սուրբ աստվածամայր» ԲԿ-ում։ Երեխային վերքերով գտել էին եւ հիվանդանոց տեղափոխել Երեւանի Մալաթիայի Սվաճյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի ծածկի վրայից։ Ոստիկաններն ահազանգ էին ստացել, որ այդ շենքում կնոջ դի կա եւ վիրավոր երեխա։ Հիվանդանոց տեղափոխվելուն պես մանկիկը գիտակցության չգալով՝ մահացել էր։ Բնակիչները պատմել են ոստիկաններին, որ նա մահացած կնոջ որդին է։ Քննությանը մոտ աղբյուրը հայտնում է, որ, ամենայն հավանականությամբ, մայրը որդու հետ ցած է նետվել վերին հարկից։ Այդ շենքում, ըստ շրջանառվող տեղեկությունների, բնակվել են ինքնասպան կնոջ ծնողները։ Կինն ամուսնացած է եղել, անապահով չի եղել, բնակարան է ունեցել այլ վայրում։ Ահա, այսպիսի «ուրախ» երեխաների պաշտպանության տոն ունեցանք երեկ։