Search
Close this search box.

Դիլիջանի քրեականի պետը զղջացել է արարքի համար, ներողություն խնդրել երիտասարդից․ նոր մանրամասներ

«Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-ին։ Քաղաքացու հաղորդումը Դատախազությունից ՀՀ քննչական կոմիտե է ստացվել մայիսի 10-ին և նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն»։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն՝ արձագանքելով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, որ Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա մատուցողին։

«2006թ․ ծնված երիտասարդը, ով ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։

Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք՝ 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է», — հաղորդեց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ armlur.am-ն այսօր տեսանյութ էր տարածել՝ գրելով, որ 16-ամյա տղային ծեծի ենթարկողը Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/630b116da4b0cdf9647e21fca06af594

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL