Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են, բայց ես սա չեմ ուզում ընդգծել որպես նվաճում կամ ձեռքբերում, ուզում եմ ընդգծել որպես առօրեականություն, որը մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունք է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ 2018-ին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը եւ մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետեւ ասում էին՝ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն առանձնապես ազատությունները սահմանափակելու կարիք չունի, բայց այն փաստը, որ Ժողովրդավարության հայկական ֆորևումն առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022-ին եւ ոչ թե 2019 թվականին, կարծում եմ՝ բավականին խոսուն փաստ է:
Երբ մենք ընդգծում էինք 2018-ի արտահերթ ընտրությունների ազատ լինելը, դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրությունները այլ պյմաններում: Ցավոք, այդ այլ պայմանները եղան եւ արձանագրեցինք, որ այլ պայմաններում ընտրությունները պակաս ժողովրդավարական ու ազատ չեն, եւ դա միջազգային հանրության գնահատականն է: Ինչը չի նշանակում, որ այդ ընտրությունները եղել են անթերի, որովհետեւ քաղաքական մթնոլորտը եւ քաղաքական կուլտուրան մի հարց , որը դեռեւս պետք է հասցեագրվի»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է եւ սա իրենց համոզմունքն է ու ռազմավարությունը։ «Սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պետք է բերեն մարդու իրավունքների պաշտպանության,. Օրենքի գերակայության, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ, բ յց նաեւ ուզում եմ ասել, որ ՀՀ-ն նաեւ այս ազատությունների արդյունքները վայելում է:
Ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որն այսօր ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ ու կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ ու խորը պրոբլեմներ կունենայինք, բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, ամենածանր ու վճռական պահին եկավ մեզ օգնության», — ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, թե Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա. «Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են ու այդ վտանգները հանրահայտ են ու բոլորին տեսանելի», — շեշտեց Փաշինյանը։