Search
Close this search box.

«Հրապարակ». Փաշինյանը չի՞ հասկացել, թե ինչ է բանակցում

«Հրապարակ» թերթը գրում է. Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում երեկ մեկնարկեցին 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները։ Ինչպես բոլոր կառավարության ղեկավարները, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով արած-չարածը, պարծեցավ «դրական» ցուցանիշներով, հպարտությամբ արձանագրեց, որ գործազրկության ցուցանիշն է մոտ 2 տոկոսով նվազել՝ 13 տոկոս է, որ հանրապետությունում 30 ուսուցիչ 4 հարյուր հազար դրամ աշխատավարձ է ստանում, որ բնակարաններ են կառուցվում, արտաքին պարտքն էլ չեն ավելացնում թոշակ ու աշխատավարձ տալու համար, այլ կապիտալ ներդրումներ են անում։ Նաեւ առիթը բաց չթողեց՝ մուննաթ գալ քաղաքացիների վրա, թե Հայաստանում կան աշխատատեղեր, եթե ուզեք` կաշխատեք ու չեք մնա նպաստի հույսին: Բնականաբար, իր սիրած ոճի մեջ էր հանդես գալիս․ առանց անուններ տալու հայտարարեց, թե մարդ կա՝ Մաշտոցի պողոտայում 500 հազար դոլարանոց տուն ունի, բայց նպաստ է ստանում՝ մոռանալով, որ ինքն այլեւս սենսացիաների սիրահար լրագրող չէ, այլ պետության ղեկավար, եւ նախ պետք է վերահսկի, որ նման մարդը նպաստ չստանա եւ երկրորդն էլ` առանց անուններ տալու նման հայտարարություն անելը պետական պաշտոնյային հարիր չէ։ Կարճ ասած՝ Հայաստանը Նիկոլի օրոք շարունակում է բարգավաճել, զարգանալ, ուղղակի հասարակությունը «չար է ու նախանձ» եւ այդ ամենը չի տեսնում։

Սակայն ավելի ուշագրավ էր Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերին անդրադարձը։ Նրա հպանցիկ ելույթից տպավորություն ստեղծվեց, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր՝ կա՛մ չի հասկանում, թե ինչ է բանակցում՝ Ալիեւի երեկվա հայտարարություններից հետո անակնկալի է եկել, կա՛մ էլ այսքան ժամանակ խաբել է ՀՀ եւ Արցախի ժողովրդին՝ ասելով, որ խաղաղության պայմանագիր կնքելուց եւ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀՀ-ն հետամուտ է լինելու արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցում։ Նախօրեին, ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահը Շուշիում հերթական սպառնալից հայտարարություններն արեց՝ պահանջելով լուծարել Արցախի խորհրդարանը եւ մյուս պետական ինստիտուտները։ «Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք՝ այդ տարածաշրջանում (Արցախում) ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի: Տարրը, որն իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները եւ այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ ինչ-որ համաներման մասին»,- հայտարարել է նա, միաժամանակ հավելել. «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջեւան տանող ճանապարհը, եւ այնտեղից դուրս բերվեն հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք ներկա են Ղարաբաղում։ Սրանք են մեր պայմանները»։ 

«Անկեղծ ասած՝ հասկանալի չեն Ալիեւի երեկվա հայտարարությունները. նա հրաժարվո՞ւմ է բրյուսելյան պայմանավորվածությունից»,- երեկ բյուջեի կատարողականը ներկայացնելիս Ալիեւին կեսբերան եւ վախվորած հակադարձեց Նիկոլ Փաշինյանը: «Տեղյակ եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվել են ճանաչել 29․800 ք/կմ եւ 86․600 ք/կմ տարածքներով տարածքային ամբողջականությունները։ Այս առումով, անկեղծ ասած, առնվազն հասկանալի չեն Իլհամ Ալիեւի՝ երեկ արված մի շարք հայտարարությունները։ Այս հարցով Ադրբեջանն ու միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն՝ արդյոք այդ հայտարարությունները նշանակո՞ւմ են հրաժարում բրյուսելյան պայմանավորվածություններից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը, ում կարծիքով՝ Ալիեւի երեկվա հնչեցրած տեքստը շատ մոտ է ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարմանը։

Ի դեպ, ինչի մասին զգուշացնում էին շատերը: Եվ Փաշինյանը, կոչ անելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, շեշտեց՝ կարիք կա այս մասով պարզաբանումներ եւ լրացուցիչ ճշգրտումներ ստանալ միջազգային գործընկերներից: Փաշինյանն ասաց նաեւ, որ հունիսի 1-ին Քիշնեւում սպասվող հնգակողմ հայտարարությանը փաստաթուղթ չի ստորագրվի։ «Մենք դեռեւս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռեւս դրանց մեկնաբանությունները չենք ստացել:

Please enter a valid URL