Վարչապետ Փաշինյանի համոզմամբ՝ Ալիևի երեկվա հայտարարություներից հետո և’ միջազգային գործընկերները, և’ Բաքուն պետք է պարզաբանում տան։
Ալիևը երեկ Լաչինում բնակիչների հետ հանդիպմանը մի շարք սպառնալից հայտարարություններ արեց։ Մասնավորապես, նա պնդեց, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունեն Ադրբեջանի պայմանների հիման վրա։
«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները, և այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ ՝ Լաչին քաղաքում, թող չմոռանան, որ այստեղից նաև երևում են Հայաստանի գյուղերը», — սպառնացել էր Ալիևը։
«Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանը, և այդ մասին հայտարարել է Եվրամիությունը, պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունները։ Առնվազն հասկանալի չեն էս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում, որ ասյտեղ և’ Ադրբեջանը, և’ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Եվ ես կարծում եմ, պարոն Միրզոյան, մենք իսկապես մեր մեր գործընեկներից պետք է այս հարցի պատասխանը ստանանք։ Որովհետև եթե էդ նշանակում է հրաժարում… Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն անել։ Կարծում եմ, էստեղ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք», — այսօր խորհրդարանում նշեց Փաշինյանը։
Ալիևի և Փաշինյանի այս հայտարարությունները հնչում են Քիշնևում հունիսի 1 -ին կայանալիք հնգակողմ հանդիպումից առաջ, որտեղ, ինչպես այսօր վստահեցրեց Հայաստանի վարչապետը, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի. — «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»։
Մինչ Հայաստանի իշխանությունը խոսում է Բաքվի և Արցախի միջև ուղիղ երկխոսության ու արցախահայերի անվտանգության միջազգային մեխանիզմի կաևորության մասին, Ալիևը ուղղակի սպառնում է արցախցիներին՝ պահանջելով լուծարել պետական մարմինները. — «Բոլորին լավ հայտնի է, որ մենք հնարավորություն ունենք այդ տարածքում ցանկացած օպերացիա իրականացնել։ Այդ պատճառով [Արցախի] խորհրդարանը պետք է ցրվի, այն էլէմենտը որն իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուս պաշտոնյանները pետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում կարող է ամնիստիայի մասին խոսք լինել»։
Պաշտոնական Ստեփանակերտը այսօր հակադարձել է Ալիևին
Արձագանքելով պետական ատրիբուտները լուծարելուն վերաբերող հայտարարությանը՝ Արցախի նախագահի խոսնակը «Արցախպրեսին» փոխանցել է. — «Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով։ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և փաստորեն այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը»: