Աշոտ Փաշինյանի և 44–օրյա պատերազմում զոհված Գոռ Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի (Ազգուշ Հակոբյանի) գործով վարույթ իրականացնող մարմինը կշեռքի նժարներին է դրել երկուսի ցուցմունքները և ավելի ծանր համարել Աշոտ Փաշինյանի ցուցմունքը։ Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Հակոբյանի պաշտպանական խմբի անդամ Վարդուհի Էլբակյանը։
«Մեքենայում միայն եղել են Գայանեն և Աշոտը, իսկ ինչո՞ւ Գայանե Մարիտիրոսյանի ցուցմունքը չէր ավելի արժանահավատ։ Մենք հույս ունենք դատարանում այս հարցի պատասխանը ստանալ, որովհետև այն,ինչ կատարվում է քննիչի կաբինետում,չես համեմատի դատարանում դռնբաց պրոցեսի ընթացքում»,–ասաց փաստաբանը։
Փաստաբանական խմբի անդամ Գեորգի Մելիքյանն էլ հայտնեց, որ մինչ այս պահը քննության փուլում որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել, որ Գայանե Հակոբյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել Աշոտ Փաշինյանի նկատմամբ։
«Ամբողջ խնդիրը նրանում է, որ հենց վարույթն իրականացնող մարմինն էլ հաստատել է` նրանք (Աշոտ Փաշինյանը և Գայանե Հակոբյանը, խմբ.) պետք է գնային Եռաբլուր։ Եթե պայմանականորեն լինի Աշոտ Փաշինյանի ասածը, որ ինքը չի ցանկացել գնալ, բայց Հակոբյանը վարել է մեքենան, ինչի՞ց պետք է վախենար, երբ որ Եռաբլուրում կային ոստիկանական անցակետեր և բոլորի հետ մեկտեղ նրանց կյանքին և ազատությանը սպառնացող վտանգ չէր կարող լինել։ Եվ իր կամքը, որպես այդպիսին,անտեսելով և նույնիսկ Եռաբլուր հասնելով`որևէ խնդիր չէր կարող լինել»,–ասաց Մելիքյանը։
Փաստաբանական խմբի անդամները նաև ընդգծեցին, որ իրենք այս պահի դրությամբ այս գործով իրավական մեխանիզմները չեն համարում սպառված, ինչպես նախորդ փաստաբանական խումբը։
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը և Վահան Գևորգյանը մայիսի 23–ին հայտատատեցին, որ դադարեցնում են զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի պաշտպանությունը, քանի որ «տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն արդեն սպառված է»։
Մելիքյանն ու Էլբակյանը նաև հայտնեցին, որ տեսակցել են Հակոբյանին.
«Գայանեի առողջական վիճակը լավ է, առավել մարտական է տրամադրված։ Նեղված է, որ ազատությունն է սահմանափակված», -նշեցին փաստաբանները։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 20-ին նրա կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Հակոբյանին։
Նստացույցը դադարեցվեց մայիսի 23-ին։