Search
Close this search box.

Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է.

«Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում:

Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը: Նրանք ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի:

Հավերժ փա´ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը`փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից:

Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով՝ նրանց, որոնց փրկել էին թուրքական կոտորածից: Սա մեր պատմության դառը դասերից և ամոթալի էջերից է:

1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի նվիրյալ զավակների ազգային բարձր գիտակցության, պատմական պատասխանատվության ու արժանապատվության, փառահեղ հաղթանակների մասին են, հերոսներից շատերի կենսագրությունը՝ անձնազոհ խիզախության, պատվախնդրության, բայց և ողբերգական վախճանի մասին:

Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր: Այդպիսի ընտրության առջև կանգնում են բոլոր ժողովուրդները՝ բոլոր ժամանակներում:

Այսօր էլ վճռական ընտրության պահն է:

Որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը»:

Please enter a valid URL