Ձերբակալվել է Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանը։
NEWS.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել է ՔՕ 474-րդ հոդվածի հատկանիշներով (Հանցանք կատարած անձին աջակցելը)
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Գյումրիում 35-ամյա տղամարդը շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին:
Այնուհետ, ըստ Քննչական կոմիտեի, «շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»:
Մարտին Թորոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։