Քաղաքական կոնսուլտացիաները մեկնարկել են մայիսի 15-ի հանրահավաքի մասնակիցների պահանջով, Արայիկ Հարությունյանն այլընտրանք չուներ, քան այդ պահին հայտարարել, որ ընդառաջ է գնում հանրության պահանջին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին արած հայտարարության հնարավոր պատճառներին։
Հիշեցնենք՝ Արցախի հանրապետության նախագահը մայիսի 23–ի իր ուղերձում հայտարարել է, որ դադարեցնում է օրեր առաջ մեկնարկած քաղաքական խորհրդակցությունները, իսկ Պետական պաշտպանության կոմիտեի մոդելով կառավարման մարմին, փաստացի, չի ստեղծվի։ Ավելին՝ նախագահը հայտարարեց, որ սահմանափակելու է հավաքների ազատությունը, եւ ստեղծված պայմաններում անընդունելի է համարում այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի կողմից գործողությունները։
«Իշխանությունը փողոցում ընկած էր և քաղաքական խումբ-խմբակներից յուրաքանչյուրը իր կողմն էր քաշում այն։ Ես հանրահավաք հրավիրեցի, պահանջեցի պատասխանատվություն կիսելու հնարավորություն տալ, նախագահն էլ փաստացի հայտարարեց, որ ինքը միանձնյա պատասխանատու է և կողքից կարող է միայն խորհուրդներ ընդունել։ Հենց այս համատեքստում եմ դիտարկում Արայիկ Հարությունյանի ուղերձը»,– ասել է Սամվել Բաբայանը։
Անդրադառնալով պետնախարար նշանակվելու իր պահանջին եւ առաջիկա գործողություններին՝ Սամվել Բաբայանն ասաց՝ ինքն այժմ հանդիպում է հանրության լայն շերտերի հետ, եթե ժողովուրդը ընդունի իրենց ծրագիրը, այդ ժամանակ քայլեր կձեռնարկեն
Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունն ու ընդդիմությունն այսօր շատ հարմար են Նիկոլ Փաշինյանին, քանի որ Արցախը պահպանելու ուղղությամբ որեւէ իրական քայլ չեն անում։
«Արցախից միայն կարգախոսի մակարդակի հայտարարություններ են հնչում, գործնականում ոչինչ չի արվել երբեք։ Այլ բան կլիներ, եթե Ձեր ասած ուժերը, խորհրդարանը, նախագահը դիրքորոշում հայտնեին, ստեղծված իրավիճակից ելքի վերաբերյալ իրենց պատկերացումները հանրայնացնեին։ Թե չէ՝ ով ավելի հաճախ և բարձր է գոռում «Նիկոլ՝ դավաճան», իրեն փրկիչ է զգում։ Ուզու՞մ են Արցախը փրկել, թող սևով սպիտակի վրա ծրագիր ներկայացնեն, այդ նույն Նիկոլին փաստի առջև կանգնեցնեն։ Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը շատ հարմար են Փաշինյանի համար, դրա համար էլ սատարում է նրանց բոլորին։ Մեր քաղաքական ուժը երեկ հայտարարել է, որ տեսնում ենք նախադրյալներ զարգացումների ընթացքը փոխելու համար և պատրաստակամ ենք այդ գործում ստանձնելու մեր բաժին պատասխանատվությունը»,– ասել է Սամվել Բաբայանը։
Մանրամասները` տեսանյութում: