Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում սննդային թունավորման բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մայիսի 19-ին հայտնել էինք, որ նախորդ օրը թունավորում չճշտված ախտորոշմամբ 16 երեխա է տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել են լաբորատոր հետազոտության:
ՍԱՏՄ–ն հայտնում է, որ նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից:
«Ըստ փորձաքննության արդյունքների` ներկայացված թանապուրը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,–ասվում է հաղորդագրությունում:
Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։
Միայն խաշած ձվում և խմելու ջրի նմուշում չեն հայտնաբերվել անհամապատասխանություններ և շեղումներ։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՍԱՏՄ–ի` Արարատի կենտրոնի տեսուչներն Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում այս պահին ստուգում են իրականացնում։
Հիշեցնենք` մայիսի 18-ին հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել հիվանդանոցից: