Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների մասնակցությամբ։ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը, որը խանութ, լավաշի արտադրամաս ունի Տիգրան Մեծ փողոցում, կասկածվում է մոտ ընկերների՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և ևս երկու հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու մեջ։ Մարտին Թորոյանը արհեստավորին կասկածել է շինանյութի գողության մեջ։ Տուժած արհեստավորը դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ փորձելով թաքցնել իրականությունը։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հ․Մ․-ն դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ բողոքելով որովայնի սաստիկ ցավերից։ Նա ասել է, թե իբրև իր մոտ որովայնի պատի մազարմատի բորբոքում է։
Բժիշկները նրան հետազոտելուց հետո անմիջապես տարել են վիրահատության՝ հայտնաբերելով աղիների հրազենային վնասվածքներ։ Նրա աղիներից գտել ու հանել են փամփուշտը։ Նրա վիճակը, ըստ Արմեն Խաչատրյանի, միջին ծանրության է։