«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած մտքերը անակնկալի են բերել նաեւ շատ ՔՊ-ականների, թեեւ տարբեր հանդիպումների ժամանակ Փաշինյանը թափանցիկ ակնարկներով ասել է, թե ինչ ողբերգություններ են մեզ սպասվում: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 ք/կմ-ի սահմաններում, ապա դա ներառում է նաեւ Արցախը եւ անկլավները:
Բանն այն է, որ մինչ այս Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ պարբերաբար խոսել է Արցախի վերաբերյալ բանակցությունների մասին, ասել է, որ վիճակը ծանր է, Հայաստանը մանեւրելու տարբերակներ է փնտրում, բայց հստակ չի ասել այն, ինչ ասել է իր ասուլիսի ժամանակ։
Ստացվում է՝ ՔՊ-ականներն էլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ են առաջին անգամ լսել այդ ճակատագրական հայտարարությունները: Փաշինյանի ասուլիսից հետո ՔՊ-ականները խառն են, ներսում տարբեր խոսակցություններ են գնում, անգամ առանձին զրույցների ժամանակ դժգոհություններ են հայտնում իրավիճակի անելանելիության մասով: Ասուլիսից հետո էլ ՔՊ-ականները տեղները չեն գտնում, մտածում են՝ ինչպես Փաշինյանի հայտարարությունների տակից դուրս գան, ինչպես մեկնաբանեն դրանք:
Ստացվում է՝ հայտարարություններ անում է Փաշինյանը, բայց կրակն են ընկնում ՔՊ-ականները ու պիտի պատասխանատվություն կրեն չիմացածի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում