ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը կոչ է անում իր բոլոր գործընկերներին մասնակցել «Ազատ անկախ հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հանրաքվեին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնության նպատակն է անցկացնել հանրաքվե` Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։
«Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին, որ բոլորս միասին մասնակցենք այս նախաձեռնությանը, ինչը շատ կարևոր է։ Մենք բացի մասնակցելուց նաև պետք է փորձենք բացատրել, քանի որ յուրաքանչյուրս ամբիոն ունենք, որը բեմն է։ Պետք է բացատրենք, թե ինչի համար է անհրաժեշտ այդ մեկ ստորագրությունը, և դրանից կախված է ամեն ինչ։ Հենց այդ ստորագրության հետևում հազարավոր երիտասարդ տղաների կյանք է, որոնք զոհվեցին, որպեսզի այսօր ինչ–որ մեկը միանձնյա որոշմամբ չջնջի մեր կերտած պատմությունը։ Այսօր արդեն այնպես է ստացվել, որ պետք է յուրաքանչյուրը հասկանա, որ կամ կանք մենք, կամ չի լինի ոչ ոք»,– ասաց Թոխատյանը։
Նա շեշտեց` այսօր եկել է համախմբվելու պահը, այնպես, ինչպես եղել է 1988 թվականին, երբ հնչել էր միասնության կոչը։ Դերասանը վստահեցրեց` այն ժամանակ ոչ ոք չէր ասում, թե իրեն քաղաքականությունը չի հետաքրքրում, դրանով չի զբաղվում և պետք է յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։
«Այդ ժամանակ անցկացվեց հանրաքվե, բոլորը միասնական ձևով մասնակցեցին դրան, ու մենք ունեցանք անկախ երկիր և այն պետությունը, որի մասին երազում էին մեր պապերը։ Յուրաքանչյուրս պետք է առաջնորդ լինենք և այդպես փորձենք համոզել կողքի անձնավորությանը, հետո էլ ինքն իր առաջնորդը կդառնա ու այդպես շղթայական կշարունակվի»,– ընդգծեց Թոխատյանը։