Search
Close this search box.

Գործարար Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ. «Հետք»

Հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի ինքնաթիռը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին 2022 թ. աշնանը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ, գրում է Hetq.am-ը։

Ռուսաստանցի հայ գործարարն անմիջական կապ չունի այս պատժամիջոցների հետ, սակայն նրան պատկանող օդանավը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության թիրախում:

Կարապետյանի բորտը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակում»: Ավելի կոնկրետ՝ այդ ցուցակում հայտնվել է մալթայական այն մասնավոր ավիաընկերությունը, որը շահագործում է բիզնես դասի օդանավեր: Խոսքը Մալթայի «Emperor Aviation» ընկերության մասին է, որը 2013 թ. հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին: Ընկերությունը գրասենյակներ ունի Մալթայի Բիրկիրկարա քաղաքում եւ Մոսկվայում:

Նկատենք, որ OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ամերիկյան բոլոր ակտիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին արգելվում է նրանց հետ որեւէ գործարք կնքել:

Ամերիկյան կողմի հակառուսական պատժամիջոցների տակ են հայտնվել թե՛ «Emperor Aviation»-ը, թե՛ դրա ավիապարկում գտնվող 8 շքեղ ինքնաթիռները, որոնք բոլորը գրանցված են Մալթայում՝ 4 հատ «Bombardier Global Express», 2 հատ «Gulfstream G650» եւ 1-ական «Cessna Citation XLS+» ու «Bombardier Challenger 650»:

Սրանցից «Gulfsream»-ներից մեկը հենց Ս. Կարապետյանին պատկանող օդանավն է, որը Մալթայի օդանավերի ռեգիստրում գրանցված է որպես 9H-SSK:

9H-ն Մալթայի ավիացիոն ազգային նիշն է, այսինքն՝ այդ երկրում գրանցված բոլոր օդանավերը կրում են հենց այս նիշը, իսկ SSK-ն կոնկրետ օդանավի գրանցման համարն է: Իրականում դա հայ գործարարի անուն-հայրանուն-ազգանվան սկզբնատառերի համադրությունն է՝ Սամվել Սարգսի Կարապետյան կամ Samvel Sargis(ovich) Karapetyan: Անվան սկզբնատառերի կիրառումը սեփական օդանավերի գրանցման համարներում տարածված պրակտիկա է մեծահարուստների շրջանում: Ինքը՝ «Emperor Aviation»-ը, իր ավիապարկի օդանավերի գրանցման համարներում կիրառում է տարբեր «գրավիչ» համադրություններ՝ VIP, CEO, LUX, BOY:

Մալթայական ավիաընկերության նման փոխադրողները մեծահարուստ սեփականատերերի օդանավերը շահագործում են ոչ միայն վերջիններիս կարիքների համար, այլեւ դրանցով, տերերի համաձայնությամբ, իրականացնում են չվերթեր տարբեր պատվիրատուների համար, ինչը եկամուտ է ապահովում թե՛ ավիաընկերությանը, թե՛ օդանավի տիրոջը:

Ինչպես ասվեց, Ս. Կարապետյանի օդանավը ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել շահագործող «Emperor Aviation»-ի «պատճառով»: Վերջինս իր հերթին ամերիկյան իշխանությունների թիրախում է հայտնվել, քանի որ կապ է ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մերձավորներից դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի ընտանիքի հետ:

Դեռ 2022-ի սեպտեմբերին OFAC-ը «սեւ ցուցակ» էր գցել Ս. Քերիմովին՝ ՌԴ իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի հիմքով: Ընդ որում՝ 2018-ին եւս ռուսաստանցի միլիարդատերը հայտնվել էր այդ ցուցակում: 2022-ի նոյեմբերին «հերթը հասել էր» Քերիմովի ընտանիքի չափահաս անդամներին. կնոջը՝ Ֆիրուզային, դուստրերին՝ Գյուլնարային ու Ամինային, ինչպես նաեւ որդուն՝ Սաիդին: Վերջինիս դեմ պատժամիջոցներ են կիրառել նաեւ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան ու Շվեյցարիան:

Բացի դրանից՝ OFAC-ի «սեւ ցուցակում» են հայտնվել Գյուլնարա Քերիմովայի ֆրանսիական 4 ընկերությունները, դրանց շվեյցարացի ղեկավարն ու վերջինիս շվեյցարական ընկերությունը: Ցանկը, սակայն, այսքանով չի սահմանափակվում. Քերիմովներին առնչվող այլ անձինք ու ընկերություններ եւս հայտնվել են ամերիկյան ցուցակում:

Please enter a valid URL