«Վաշինգթոնում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, մի քանի այլ հոդվածների շուրջ ուղիղ, երկար, անկեղծ խոսակցություն ծավալել, որի ընթացքում կողմերը շատ ավելի լավ են հասկանում մեկը մյուսի մտահոգությունները, մտադրությունները: Մի քանի հոդվածով էլ, կարծում եմ, հավանականություն կա՝ գալու համաձայնության»,- Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ կան հոդվածներ, թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից. «ՀՀ-ի համար սկզբունքային է որոշակիություն ունենալ և սահմանել սահմանազատման գործընթացի համար»,- ասել է նախարարը: