Հայաստանը պատրաստ է հայ–ադրբեջանական ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ մեր երկիրը Պրահայում ևս վերահաստատել է իր դիրքորոշումը` այդ քարտեզներով արձանագրված սահմաններից զորքերի հայելային հետքաշումը։
«Այս իրավիճակում դա կնշանակի կայունության ապահովում։ Եվ պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք նաև արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը բավականին կարևոր է և ողջունելի»,– նշեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումների հետ կապված տեղաշարժ չի կարող արձանագրել` միևնույն ժամանակ ընդգծելով, որ սահմանային անվտանգության ապահովումը բանակցությունների կարևոր մաս է։
«Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն` փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում։ Դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը, որով կողմերը պայմանավորվել են խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից։