Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հույս ունենք, որ պայմանագիրը Ադրբեջանի հետ կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան

Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ հնարավորինս արագ համաձայնության կհասնեն և կստորագրեն այն։

Մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռազմաքաղաքական իրավիճակը մեր հանրապետությունում շարունակում է մնալ լարված։ ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը։ Ադրբեջանի հետ խաղաղույան և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց՝ համապատասխանաբար 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն։

Հայաստանը համաձայն է այս տրամաբանությանը և բանակցությունները վարում է այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են։

«Միևնույն ժամանակ համոզված եմ, որ Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Սա ամենևին էլ հեշտ գործընթաց չէ, բայց, կարծում եմ՝ այն է, ինչ ուզում և ակնկալում է մեր ժողովուրդը»,- նշեց Փաշինյանը։

Please enter a valid URL