Հայաստան շուրջ 1 տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոց ներկրելու գործով առ այս պահը որևէ անձի ձերբակալված կամ մեղադրյալ լինելու մասին տեղեկություն առկա չէ, համենայն դեպս, իրավապահները նման որեւէ հաղորդագրություն չեն տարածել։ Նկատենք, որ անգամ առգրավման մասին ԱԱԾ-ն չէր բարձրաձայնել ու խնամքով փորձել էր թաքցնել՝ մինչև Հայաստան ներկրելու նպատակով Իտալիայում շուրջ 3 տոննա «Կոկայինի» հայտնաբերման մասին սկանդալը։
Բարձրացված աղմուկից հետո հայտարարելով, թե 1 տոննա կոկային էլ Հայաստանում է առգրավվել՝ ԱԱԾ-ն որեւէ բառ չի ասել ձերբակալությունների մասին, պարզ չէ քանի հոգու է մեղադրանք առաջադրվել կամ, ընդհանրապես, առաջադրվել է, թե ոչ։
«Փաստինֆո»-ն հարցերի պատասխանը ստանալու նպատակով դիմել է ՀՀ դատախազությանը, սակայն առ այս պահը որևէ մեկնաբանություն չի ստացվել։
Հիշեցնենք, որ Իտալական ANSA լրատվական մայիսի 16-ին գործակալությունը հայտնել է, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը և մաքսավորներն ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկաին են առգրավել Ջոյա Տաուրո նավահանգստում։ Նշվում է, որ թմրանյութը թաքցվել է 78 տոննա բանան տեղափոխող սառնարանային երկու կոնտեյներում: Ըստ ANSA գործակալության՝ բեռը հայտնաբերվել է Էկվադորից ժամանած նավի վրա և ենթադրաբար վրացական Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան։
Սակայն, ինչպես պարզվեց, Հայաստան ավելի վաղ արդեն «Կոկայինի» բավականին մեծ խմբաքանակ արդեն ներկրվել էր։ Նարկոսկանդալից հետո՝ հաջորդ օրը՝ մայիսի 17-ին միայն ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացբելով, որ ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել «Կոկային» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ԱԱԾ-ում: Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 13-ին։
Ինչպես նշեցինք, ԱԱԾ տարածած հաղորդագրությունում առկա չէր որևէ հիշատակում՝ ձերբակալվածների կամ որևէ կարգավիճակ ունեցող անձանց մասին, թեև, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անգամ չնչին քանակով հայտնաբերման դեպքում իրավապահները շտապում են հաղորդել իրականացված գործողությունների, ձերբակալվածների, մեղադրյալների մասին՝ միմյանց հերթ չտալով։ Ակներև է, որ նման ահռելի խմբաքանակ հենց այնպես՝ առանց իշխանության ներկայացուցիչների, առնվազն, իշխանական քրեաօլիգարխիկ տարրերի հովանավորության դժվար թե ներկրվեր ՀՀ, իսկ այն, որ իրավապահները կոնկրետ այս գործով ջրի հատակն են անցել, առրևույթ վկայում է այն մասին, որ ՀՀ-ում, ցավոք, զարգացող նարկոբիզնեսում թաթախված են հենց իշխանությունները։