Search
Close this search box.

Գյուղացիները պատրաստվում են ճանապարհ փակել. Hraparak

Hraparak.am-ը գրում է. Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներ նախօրեին փակել էին Սեւան-Երեւան մայրուղին՝ այսկերպ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելով իշխանությանը: Բանն այն է, որ կաթ վերամշակող գործարանները կաթը գյուղացուց մթերում են 130 դրամով՝ նախկին 150-ի փոխարեն։ Գյուղացիները կաթի գնի էժանացումն անխղճություն են համարում՝ համատարած թանկացումների ֆոնին։

«Խիղճը լավ բան ա։ Որ գետնի տակից դուրս է գալիս՝ կես լիտր ջուրն արժե 180 դրամ, իսկ մեկ լիտր կաթը՝ 130 դրամ։ Կառավարությունն իր տեղում չի, եւ մեր հարցերն անպատասխան են մնում: Մեզ միայն մնում է, որ այսկերպ իրականացնենք մեր ակցիան: Դիմեցինք կառավարությանը, որպեսզի մեզ օգնեն, կաթ վերամշակող ընկերությունների հետ բանակցություն վարեն՝ կաթի գնի հետ կապված: Չգիտենք, թե ինչ խոսեցին կամ չխոսեցին, մեզ ասացին, որ կաթ վերամշակող ընկերությունները կաթի էժանացումը կապում են սեզոնի հետ: Հանդիպել ենք էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի եւ նրա օգնականի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ տվեցին անգրագետ եւ անհեթեթ պատասխաններ, այդկերպ փորձեցին ծածկել կաթ մթերող ընկերությունների սեւ գործը: Մեզ ասում են, որ շուկայում լճացում կա, հարց ենք տալիս՝ եթե այդպես է, ի՞նչի եք կաթի փոշի ներկրում: Ես կաթն արտադրում եմ՝ որքան պետք է, ես պատրաստ եմ այդքան քանակի կաթ տալ, մեր կաթը նորմալ գնով վերցրեք, կաթի փոշի մի ներմուծեք: Պարսիկից էսքան ժամանակ ի՞նչ եք խերվել: Հիմա պարսիկը շիճուկ ա արտադրել, մեկն էլ այդ մաֆիան Հայաստան ա բերել եւ սաղիս հավաքել ա անդունդի եզրին»,- վրդովված ասում էին գյուղացիները։

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն տարի այս հարցը բարձրացվում է, եւ որեւէ կառույց ականջալուր չի լինում գյուղացու բողոքին. «Կաթ արտադրողը պետք է, իր կաթի ծավալն իմանալով հանդերձ, նախնական գնա, պայմանագիր կնքի կաթ մթերող ընկերության հետ, որ այս ամսին այսքան կաթ է վաճառելու եւ այս գնով: Հիմա կաթ արտադրողը՝ գլուխը կախ իր հոգսերով եւ իր ցավերով զբաղված․․․ Կաթը սեզոնայնություն ունի, կենդանիներն ամենաշատ կաթը տալիս են հիմա, այս ամիսներին: Մթերողն էլ, տեսնելով, որ գյուղացին պայմանագիր չունի, օգտվում է այդ հանգամանքից եւ իր գինը թելադրում, արդյունքում ունենում գերշահույթ»:

Հավաքվածներից մեկն էլ հավելեց. «Մինչեւ նախարար լինելը Քերոբյանն ո՞վ էր, անասնապահ տղա էր, ինչի՞ էսօր գյուղացու վիճակը չի տեսնում: Եթե մեր խնդրին լուծում չտան եւ շարունակեն կաթի գնանկումը, ամեն օր ճանապարհ ենք փակելու: Վաղը կոնկրետ ճանապարհը փակվելու ա եւ չի բացվի, մինչեւ որեւէ մեկը մեզ հետ չհանդիպի, եւ մեր հարցին լուծում չտրվի»:

 

Please enter a valid URL