«Հրապարակ» թերթը զրույցել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ։ Հարցազրույցը մասամբ ներկայացնում ենք ստորև։
— Բրյուսելյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձն է առել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 6 հարյուր ք/կմ տարածքով, ինչը նշանակում է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան, եթե ստորագրեն նման փաստաթուղթ։
— Այն ամենից հետո, ինչ կատարվել է, Արցախի ապագայի մասին խոսելիս պետք է նախեւառաջ ասել, որ ՀՀ ղեկավարությունն ի զորու չէ լուծել Արցախի խնդիրը, եթե Հայաստանը խնդրի լուծումն իր վրա է վերցրել, ապա կարող եմ վստահ ասել, որ դա էլ ավելի է վատթարացնելու իրավիճակը։ Ելքերից մեկն այն է, որ Արցախի ղեկավարությունը կարողանա ինքնուրույն դուրս գալ միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ Մինսկի խմբի վրա եւ ինքնուրույն բանակցություններ վարի, քանի որ Հայաստանն ի վիճակի չէ Արցախի հարցը լուծել։
— Ինչպե՞ս՝ ԱՀ իշխանությունները պիտի ասեն, որ չեն ուզում՝ Հայաստանն իրենց շահերը ներկայացնի, ուզում են բանակցողի՞ն փոխել: Մինսկի խմբի ֆորմատը պատերազմից հետո չի գործում։
— Բանակցող փոխելու մասին ես չեմ խոսում, դա ծայրահեղ մոտեցում է։ Մենք միշտ էլ բանակցել ենք Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ, նրանք երբ եկել են Հայաստան, եկել են նաեւ Արցախ․ ես նկատի ունեմ, որ Արցախը պետք է անմիջական բանակցությունների դուրս գա։ Եթե Հայաստանը մասնակցի այդ բանակցություններին, դա այլ խնդիր է, բայց եթե Արցախն ընտրել է ինքնորոշման ճանապարհը, պետք է ինքը եւս մասնակցի, նախ հայտարարի, որ ինքնորոշման ճանապարհը ժողովուրդն է ընտրել, եւ բանակցությունները պետք է տարվեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ։
— Բոլոր կարմիր գծերը, կարելի է ասել, հատված են՝ անցակետի տեղադրում, բլոկադա, հիմա էլ Փաշինյանն ուղիղ հայտարարում է Արցախը հանձնելու մասին։ Նման իրավիճակում ինչո՞ւ այդպիսի նախաձեռնությամբ ԱՀ իշխանությունները հանդես չեն գալիս։
— Ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե չի անում, տեղյակ չեմ խոհանոցին, գուցե անում են, ես ընդամենը իմ կարծիքն եմ ասում, որ ճիշտն այդ ճանապարհն է։
— ՀՀ իշխանություններն ու միջազգային բանակցողները հակված են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության վերականգնման, որով կվճռվեն արցախցիների իրավունքների եւ անվտանգության սահմանները եւ այլն։
— Եթե այդ երկխոսությունը լինելու է միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, ասենք՝ Մինսկի խմբի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, հատկապես որ նման ֆորմատ արդեն իսկ եղել է, ՄԽ համանախագահներ էին գալիս բանակցելու, այցելում էին Բաքու-Երեւան-Արցախ, այսինքն՝ կլինի շարունակություն։
— Խոսքն ուղիղ երկխոսության մասին է, ինչպես, օրինակ, եղավ Կաշենի հանքի հարցով։
— Ոչ, ես ուղիղ երկխոսությանը դեմ եմ, վտանգներ եմ տեսնում։ Հնարավոր չէ դա, որովհետեւ մենք արդեն գիտենք Բաքվի որոշումը, որի մասին միշտ են հայտարարում։ Այսքանից հետո անիմաստ է գնալ Բաքվի հետ երկխոսության, նրանք արդեն հայտարարել են իրենց դիրքորոշումը, մենք էլ` մերը, որը դիամետրալ հակառակ որոշում է: Որպեսզի այդ երկու հակադիր որոշումների արանքում լուծում գտնվի, հարկավոր են միջազգային միջնորդներ, ինչն ավելի լավ կանի Մինսկի խումբը։
— Եթե ՀՀ իշխանությունները ստորագրում են, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, դրանից հետո Ձեր ասած բանակցային սեղանին վերադառնալն օրակարգից դուրս չի՞ գալիս։
— Գիտեք, ես դրա համար ասացի, որ ինքնորոշման որոշումը կայացվել է Արցախում, Արցախի ժողովրդի կողմից, ոչ թե Հայաստանի։ ՀՀ-ն եղել է ընդամենը բանակցությունների մասնակից։ Արցախի ինքնորոշման որոշումը չի բեկանվել, այն մնում է, դրա համար Հայաստանի եւ Բաքվի որոշումները չեն կարող Արցախի համար լինել պարտադիր, դրանք կարող են իրավական ուժ ունենալ միայն Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների մեջ: Ինչ մնում է իրենց որոշումներին` Արցախի մասին, ապա դրանք իրավական ուժ չեն կարող ունենալ, քանի որ մենք միջազգային իրավունքի համաձայն ենք հանրաքվեով ինքնորոշման որոշումը կայացրել»։
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։