Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են, որ առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման ու իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
«Քննարկման առանձին թեմա էր խաղաղության պայմանագիրը։ Դրա ուղղությամբ կողմերը սկսել են աշխատել, և այն այժմ ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Ինչպես գիտեք, հայ և ադրբեջանցի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեկ շաբաթ առաջ եղել են Բրյուսելում։
Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, անկասկած, հիմնարար է։ Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և իրավիճակի ընդհանուր բարելավման շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»,- ասել է Լավրովը։