Search
Close this search box.

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքներով ընդունվել է հայտարարություն

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքներով ընդունվել է հայտարարություն:

Հայտարարությունում ասվում է. «Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև:

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։

Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:

Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Please enter a valid URL