Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՔՊ-ական երևանաբնակ Արթուր Հովհաննիսյանը պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա՝ այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում:

Նա դիմումում նշել է, որ բնակվում է Նար-Դոս փողոցում եւ վարձակալել է այդ բնակարանը 110 հազար դրամով: Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության՝ եթե պատգամավորը մարզաբնակ է, Երեւանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը եւ ստանալ վարձավճարի փոխհատուցում, սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նշեցինք, ամսական 110 հազար դրամ է ստացել՝ որպես վարձավճարի փոխհատուցում՝ լինելով երեւանաբնակ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե վերջին 2 տարիներին ովքեր են դիմել պատգամավորներից վարձավճարի փոխհատուցման համար: Լրատվական ծառայությունը, արհեստական խոչընդոտներ ստեղծելով, հրաժարվեց տալ այդ տեղեկությունը: Նախկինում՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը, երբեք որեւէ գումարման խորհրդարան այս տեղեկությունը գաղտնի չի պահել:

Թափանցիկության մասին ճամարտակող հեղափոխական իշխանիկները նաեւ այս պարզ տեղեկությունն են թաքցնում հանրությունից: Մենք, սակայն, ունենք փաստեր, որ Արթուր Հովհաննիսյանը, որը գրանցված է իր ընդդիմադիր քեռու՝ Ռուբեն Հովհաննիսյանի բնակարանի հասցեով, պետական բյուջեից ստացել է վարձաճարի փոխհատուցում, եւ նա ամբիոնից խոսում է կոռուպցիայի անթույլատրելիության մասին. ի՞նչ է այս դեպքը, եթե ոչ կոռուպցիա, պաշտոնեական դիրքի չարաշահում: Բա հո կոռուպցիան պոզուպոչով մեծ կենդանի չէ՞»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL