Search
Close this search box.

ՀՀ-ն Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա. նախագիծը ներառված է կառավարության նիստում

Հայաստանի Հանրապետությունը Հնդկաստանի Հանրապետությունում կնշանակի ռազմական կցորդ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 18–ին կայանալիք նիստում։
«Ստեղծել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք (նստավայրը` քաղ. Նյու Դելի)»,–նշված է նախագծում:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2003 թվականի մայիսի 23-ին։ Երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Հնդկական կողմի ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացել Հնդկաստանում ստեղծել Հայաստանի ռազմական կցորդի հաստիք:

Ըստ որոշման նախագծի` Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:
«Ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ»,–նշված է որոշման նախագծում։

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:
Ընդգծվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հնդկաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար։ Այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հնդկական աղբյուրները մի քանի անգամ գրել էին Երևանի և Նյու Դելիի միջև ռազմատեխնիկական խոշոր գործարքների մասին։ Այս հրապարակումները պաշտոնապես չեն հաստատվել։ Սակայն այս ամիսների ընթացքում Հնդկաստան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Բանակցությունների կենտրոնական թեման ռազմատեխնիկական համագործակցության հարցերն են եղել։

Please enter a valid URL