Search
Close this search box.

ԱՄՆ-ն անդրադարձել է Հայաստանում եկեղեցի-կառավարություն հարաբերություններին

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Աշխարհի տարբեր հատվածներում կառավարությունները շարունակում են թիրախավորել կրոնական փոքրամասնություններին՝ օգտագործելով բազմաթիվ բռնի մեթոդներ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կրոնական ազատությունների մասին պետքարտուղարության տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ։

Փաստաթղթում մտահոգություն է արտահայտված Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, ինչպես նաև Մյանմարում կառավարող ռեժիմի և Աֆղանստանում «Թալիբան» շարժման գործողությունների առնչությամբ:

Միևնույն ժամանակ, պետքարտուղարության զեկույցը առաջընթաց է գրանցել աշխարհի որոշ հատվածներում, օրինակ՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, ուր հատուկ քրեական դատարանը հետևողական է քաղաքացիների նկատմամբ կրոնական բռնությունների դեպքերը քննելիս:

Պետքարտուղարության զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատություների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին: Փաստաթուղթը նշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա դերակատարությունը ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Այն նաև սահմանում է, որ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը: Զեկույցը հիշեցնում է՝ երկրի նոր քրեական օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, արգելում է «խոչընդոտել կրոնի ազատության իրավունքը» և նախատեսում համապատասխան պատիժներ խախտումների դեպքում:

Հայաստանյան կրոնական փոքրամասնությունների մեծ մասը, ըստ պետքարտուղարության, պնդում է, որ, ընդհանուր առմամբ, իրենց նկատմամբ հանրային վերաբերմունքը դրական է եղել անցած տարվա ընթացքում, իսկ լրատվամիջոցներում իրենց վերաբերյալ բացասական լուսաբանումը բացակայում է կամ աննշան է: Արձանագրված դեպքերն էլ, ըստ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների, արտացոլում են առանձին հոգևորականների վերաբերմունքը, այլ ոչ թե Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում եկեղեցի-կառավարություն հարաբերություններին՝ նշելով. «Մամուլը շարունակում է քննարկել այն, ինչը ներկայացվում է որպես Հայ առաքելական եկեղեցու և կառավարության հարաբերությունների վատթարացում, և որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միտված կառավարության քաղաքականությանը»:

Ըստ փաստաթղթի, «կառավարությունը շարունակում է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասընթացը դուրս բերել դպրոցական ուսումնական պարտադիր ծրագրից՝ համապատասխան պատմագիտական բովանդակությամբ նյութերը ներառելով հայագիտության ավելի լայն ուսումնական ծրագրում»:

ԱՄՆ պետքարտուղարության հրապարակման համաձայն, Հայաստանի հրեական համայնքն անցած տարի արձանագրել է հակասեմականության զգալի նահանջ՝ նախորդ տարվա համեմատ: Այդ ժամանակ Հայաստանում հակասեմական տրամադրությունների աճի հիմքում 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության զինատեսակների գործածությունն էր: Զեկույցը նկատում է, որ 2022թ․ փետրվարից հետո Ռուսաստանից Հայաստան եկած հարյուրավոր հրեաներ ունեցել են միայն դրական տպավորութուններ:

Զեկույցի՝ Ադբեջանին վերաբերող հատվածն անդրադառնում է հայկական եկեղեցիներին ու պատմամշակութային հուշարձաններին: Այն մեջբերում է Cornell University-ի Caucasus Heritage Watch-ի (CHW) ուսումնասիրությունը՝ հիմնված տարվա ընթացքում արված արբանյակային լուսանկարների վրա: Դրանք, ըստ զեկույցի, վկայում են, որ Նախիջևանում գտնվող միջնադարյան և ավելի նոր շրջանի հայկական վանքերի, եկեղեցիների և գերեզմանոցների շուրջ 98 տոկոսը ավերվել է 1997-2011 թվականներին:

Զեկույցը մեջբերում է լրատվամիջոցների փետրվարի 3-ի հրապարակումները, ըստ որոնց Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել էր, թե ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հեռացնելու «հայերի կողմից հորինված հետքերը՝ (կովկասյան) ալբանական կրոնական տաճարների վրայից»։ Սակայն օրեր անց նախարարությունը նշել էր, թե նախարարը սխալ է մեջբերումներ արել, և որ աշխատանքային խմբի կողմից հայտնաբերված հուշարձանների ցանկացած «կեղծում» չի հեռացվի, այլ կներկայացվի միջազգային հանրությանը:

Զեկույցը մեջբերում է նաև կրոնական կազմակերպությունների հարցերով Ադրբեջանի պետական գերատեսչության տվյալները, թե Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում, որոնք մինչև 2020 թվականը գտնվել են հայկական ուժերի վերահսկողության ներքո, նախկինում գտնվող 67 մզկիթներից 63-ն ավերվել է ամբողջությամբ, իսկ չորսը՝ մասամբ: Ըստ զեկույցի, նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածքների բոլոր քրիստոնեական հուշարձանները ներառվել են ազգային նշանակության հուշարձանների ցանկում և կրոնական ժառանգության օբյեկտների վերականգնման պետական ծրագրում։

Այնուամենայնիվ, զեկույցը մեջբերում է Caucasus Heritage Watch-ի (CHW) ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ նաև անցած տարի Ադրբեջանում ավերվել են եկեղեցիներ, որոնց փոխարեն կառուցվել են մզկիթներ կամ քաղաքացիական շենքեր, ինչպես օրինակ Սուրբ Թովմա վանքի կամ Սուրբ Սարգիս եկեղեցու պարագայում: Վերջինիս ավերումը, ըստ CHW-ի, արձանագրվել է մարտ-հուլիս ամիսներին և իր արտացոլումն է գտել Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերին կայացրած վճռում, որը կոչ է անում Ադրբեջանին կանխել նման դեպքերը:

Please enter a valid URL