Search
Close this search box.

«Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս»․ պաշտպանը` Խաչատուրովին ազատ չարձակելու մասին

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովին ազատ չարձակելը հանցագործություն է։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել փաստաբան Միհրան Պողոսյանը` նշելով, որ իրեն դատարանը հեռացրել է վարույթից։ Նա դահլիճում հայտարարել է, որ 16:45 լրացել է Խաչատուրովին կալանքի տակ պահելու ժամկետը և դիմել է դատարանին, որ իր պաշտպանյալն ազատ արձակվի։

«Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս։ Չկա այդպիսի բան, որ անձը, օրինակ, ժամը 00։15 կալանավորվել է և շարունակաբար պետք է կալանքի տակ մնա, նման հարցերն օրով չեն հաշվարկվում։ Դա բացառված է և որևէ օրենքով նախատեսված չէ։ Անձի ազատության վերաբերյալ ցանկացած հարց հաշվարկվում է ժամերով։ Հենց հիմա հանցագործություն են անում ու ազատ չեն թողնում»,– ասել է Պողոսյանը։

Նա Խաչատուրովի աջակիցներին կոչ է արել դատարանի պատուհանների տակ ներկայացնել դատավոր Արամ Գրիգորյանի իրական կերպարը և վերջինիս որակեց որպես հանցագործ։

Պողոսյանը շեշտել է` հանցագործության մասին հաղորդում է տալիս, և եթե մեղադրող դատախազն իրականում Հայաստանի Հանրապետությունը ներկայացներ, ապա հենց ինքը պետք է միջնորդեր, որպեսզի դատական նիստը հետաձգվեր և քրեական վարույթ նախաձեռնվեր, քանի որ դատարանում հանցագործություն է տեղի ունենում։

Պաշտպանը նշել է` գլխավոր դատախազությունում կոլեգիայի բազմաթիվ որոշումներ կան` եթե դատական գործընթացի ժամանակ դեպք է գրանցվել, ապա դատախազները պարտավոր են այդ մասին զեկուցագրեր ներկայացնել և վարույթներ նախաձեռնելու գործողություններ իրականացնել։ Պողոսյանը վստահեցրեց` այսօր նման գործընթաց չի իրականացվում։

Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ վարույթ նախաձեռնվեց այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ի հավանությունը ստացավ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։

Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։

Please enter a valid URL