Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոնք ուղղակիորեն մատակարարվում էին Ռուսաստան, այժմ այնտեղ են գնում Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով։ Չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցին՝ Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի համատեքստում։
«Օրինակ ՝ խմիչքները, որոնք ենթակա չեն պատժամիջոցների, խնդիր չեն: Մինչև 2022 թվականի փետրվարը նրանք գնում էին Լեհաստանով ու Բելառուսով, հիմա գնում են Հայաստանով։ Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ։ Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան։
Այսպիսով, ստեղծվեցին բոլորովին նոր լոգիստիկ երթուղիներ, այդ թվում՝ նաև Հայաստանի տարածքով։ Բայց պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել, համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ և հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջին շրջանում։
Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- նշել է Փաշինյանը։