Search
Close this search box.

«Նիկոլ Փաշինյանը պիտի ուղիղ, առանց խաբելու պատասխանի». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:

«Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը՝ 29.8 հազ. քառ. կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89.6 հազ․ քառ. կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է Շառլ Միշելը, որի խոսքն ավելի ուշ խմբագրվեց ԵԽ կայքում. 89 600 քառ․ կմ-ը դարձավ 86 600 քառ․ կմ։

Այս իրավիճակում մի քանի հարցեր են առաջանում, որոնց պիտի Նիկոլ Փաշինյանը հստակ, ուղիղ, առանց խաբելու պատասխանի.

Շ. Միշելի կողմից հնչեցված հայտարարությունից հարց է առաջանում. արդյո՞ք Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքը ճանաչել եք որպես ներկայիս Ադրբեջանի տարածք, եթե դրա մեջ մտնում է նաև Արցախի Հանրապետության փոքրացած տարածքը: Ինչո՞ւ ոչ մի խոսք չկա Արցախի մասին:

Հնչեցնելով խորհրդային Ադրբեջանի տարածքային թիվը՝ ի՞նչ հիմքով եք չեղարկել խորհրդային գործող օրենսդրությամբ ինքնորոշված Արցախի Հանրապետության գոյությունը և ի հակառակ մեր միասնական պայքարի, միջազգային իրավունքի, սովետական օրենսդրության, Արցախը հանձնում եք Ադրբեջանին:

Դուք ինչո՞ւ եք իրավունք վերապահել Ձեզ խոսելու հայ ժողովրդի անունից՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին: 10 օրից ավել իմ կողմից նախաձեռնված ստորագրահավաքը հակառակի մասին է խոսում. մի քանի հարյուր հազար ստորագրություն ենք հավաքել արդեն, և պետք է ասեմ, որ հայերի մեծամասնությունը Արցախը չի ընդունում Ադրբեջանի կազմում:

Ի՞նչ իրավունքով եք չեղարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ձեր գործողությունները հակասում են ՀՀ Գերագոյն խորհրդի կողմից 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը, որի 2-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյան, Ձեր կողմից ստորագրված ցանկացած այսպիսի փաստաթուղթ լեգիտիմության լուրջ խնդիր ունի:

Ի՞նչ իրավունքով եք սահմանափակում Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունները միայն իրավունքների և անվտանգության օրակարգով:

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անկլավների հարցի լուծումն ինչպե՞ս եք ապահովելու. Հայաստանից քանի՞ անկլավային տարածք եք խոստացել հանձնել Ադրբեջանին և ի՞նչ կստանաք դրա դիմաց:

Եվրոպական Միության հարգելի՛ գործընկերներ, գերիների, անհետ կորածների, բռնությամբ անհետացածների վերադարձը պետք է տեղի ունենար պատերազմից անմիջապես հետո, սակայն մոտ 3 տարի է՝ մեր գերիները դարձել են քաղաքական առևտրի առարկա, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից խիստ անընդունելի է: Անհետ կորածների որոնողական աշխատանքները 2022թ. հունվարից դադարեցված են:

Այս հարցերի պատասխանները Նիկոլ Փաշինյանը պարտավոր է տալ՝ առանց ստելու»:

Please enter a valid URL