«Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը գրում է. «ԲՐՈՒՍԵԼՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը ոգևորությամբ հայտարարեց, որ “երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրին, և ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29,800 քկմ, և Ադրբեջանը` 86,600 քկմ տարածքով, վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով։ Նաև, նա նշեց, որ «հորդորել է Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ»:
Եթե վերանանք դիվանագիտական տերմինաբանությունից, ապա սա նշանակում է, որ Հայաստանը բանակցություններին ներկայացնող, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը աներկբա ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը դրա դիմաց Արցախի վերաբերյալ նույնիսկ որևէ պարտավորություն չի ստանձնել։ Սա Փաշինյանի տոտալ ձախողումն է՝ որպես պետական գործիչ և բանակցող, որն արդեն ընդգծված ողբերգական հետևանքներ ունի Արցախում և Հայաստանի սահմանամերձ համայնքերում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար, և որը կարող է հանգեցնել ոչ միայն Արցախի վերացմանը, այլև Հայաստանի փուլային կլանմանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։
Նիկոլ Փաշինյանի այս արկածախնդիր և հակապետական գործունեությունը պետք է հնարավոր բոլոր խելամիտ միջոցներով կասեցնել։ Այս կապակցությամբ կուզեի հիշեցնել մի քանի պարզ իրողություն՝
ա) Դեռևս 1992թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագուն Խորհուրդը ընդունել է որոշում, որի 2-րդ կետը սահմանում է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Այս որոշումը օրենքի ուժ ունի, ուստի ցանկացած պետական գործիչ, որն հակառակն է անում, դրանով խախտում է ՀՀ օրենքը։
բ) ՀՀ Վարչապետը երկրի անունից այլ երկրի տարածքային ամբողջականություն ճանաչելու միանձնյա իրավասություն չունի։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 123 Հոդվածի 1-ին կետի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է», ուստի նա է, որ իրավունք ունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ անել, հենվելով արդեն իսկ կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի վրա։ Ավելին, համաձայն ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի 1-ին կետի, ՀՀ Ազգային ժողովն է վավերացնում բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք «ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։ Ուստի, մինչև ՀՀ Սահմանադրական դատարանը չհաստատի միջազգային պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, և ՀՀ Ազգային ժողովը չվավերացնի այն, ոչ միայն որևէ պաշտոնյա իրավունք չունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ շռայլել, այլև այդ գործողությունները անմիջականորեն հանդիսանում են այլ պետական մարմինների իրավասությունների փաստացի յուրացում և ևս ապօրինի են։
գ) Այս կապակցությամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի 419 հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է, որ «բռնությամբ, կամ Սահմանադրությամբ չնախատեսած այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններն տիրանալը՝ պատժվում է ազատազրկմամբ, տասից տասնհինգ տարի ժամկետով»: Տվյալ դեպում, մենք առերևույթ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ սահմանադրական կարգի դեմ ուղղված հստակ գործողության հետ, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար առավել ծանր, և փաստացի անուղղելի հետևանքներ է առաջացնում։
Ամփոփելով վերոնշյալը, ևս մեկ անգամ շեշտեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ուստի նա կամ պետք է հերքի ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը, և կամ էլ պատրաստ լինի հրաժարական տալու՝ դրանով Հայաստանի Հանրապետության վրայից հանելով իր ապօրինի և արկածախնդիր գործողությունների պատասխանատվությունը։
Եթե նա դրանցից որևէ մեկը չի անում, ապա մեր երկրի բոլոր պետականամետ կառույցները պետք է միավորեն իրենց ուժերը՝ հասնելու այս անձնավորության հրաժարականին, և օրենքի ուժով նրան պատասխանատվության ենթարկելուն՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված նրա գործողությունների համար։ Անձամբ ես հետևողական եմ՝ պայքարելու Նիկոլ Փաշինյանին բոլոր օրինական միջոցներով իշխանությունից հեռացնելու համար, և կոչ եմ անում բոլոր մեր համախոհներին և գործընկերներին հանդես գալու միասնական դիրքորոշմամբ՝ այս անձնավորության կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններին տված հետագա վնասները կանխելու նպատակով»: