Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Նարեկի զոհվելու կապակցությամբ եւ հայտնել, որ նրան ճանաչում էր մանկուց:
«Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։
Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։
Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի կորուստը։
Փա’ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։
Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին»։
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Նա տան միակ տղան էր:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմն այդ օրն ունեցավ 4 վիրավոր:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին խախտել է Սոթքի ուղղությամբ հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
Ժամը 16:50-ից մինչեւ 21։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի, Սոթքի եւ Վերին Շորժայի հատվածում՝ կիրառելով նաեւ հրետանի եւ ականանետեր։ Հայկական կողմ ունի եւս երկու վիրավոր եւ մեկ զոհ։