Hraparak.am-ը գրում է. Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակ է գյուղում, արդյոք խուճապային տրամադրություններ, տարհանում կա՞, ասաց․ «Տարհանման մասին խոսք անգամ չի եղել, մարդիկ գյուղում ապրում են, գյուղատնտեսությամբ են զբաղվում, կարտոֆիլ են ցանում, անասնապահությամբ են զբաղված»։ Գյուղը լքելու ցանկություն Սոթքի բնակիչներից ոչ ոք չունի՝ վստահեցրեց Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է Սոթքի հանքում աշխատող գյուղացիներին, նա նշեց, որ գյուղն ունի մոտ 200 տուն, իսկ հանքում աշխատում է մոտ 30 բնակիչ։ Հիմնական ապրուստն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է՝ ասաց Խաչատրյանը։
Մենք տեղեկացանք, որ լրագրող Նարինե Կիրակոսյանը «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ այցելել է Սոթք, Կութ բնակավայրեր եւ Սոթքի հանքի տարածք։
«Այստեղ ոչ միայն երեկ եւ այսօր, այլեւ դրան նախորդած 10 օրերին, մեզ այդպես ասացին բնակիչները, ադրբեջանցիների զինված ուժերի ստորաբաժանումները կիրառել են հետախուզական ԱԹՍ-ներ եւ այսօր արդեն հարվածային ԱԹՍ են կիրառել, ինչի հետեւանքով, ցավոք, երկու վիրավոր ունենք։ Ամեն անգամ կոնկրետ ադրբեջանցիները թիրախավորում են Սոթքի հանքի աշխատակիցներին։ Հենց մեքենա է աշխատել հանքի վրա՝ անընդհատ կրակել են՝ անընդհատ։ Մոտավորապես 20-30 հոգի աշխատակիցներից ոչ թե հայ են, այլ ռուսներ են, բայց իրենք որեւէ պաշտպանվածություն չեն կարող ունենալ՝ ադրբեջանցիներն էլ լավ գիտեն, որ աշխատակիցների մեջ ազգությամբ ռուսներ կան։ Իսկ երեկ եւ այսօր հրետանին սկսել է աշխատել կոնկրետ հայկական դիրքերի վրա, որոնք զուգահեռ իրար դիմաց են՝ մի հատ ադրբեջանական դիրք, մյուսը՝ հայկական։ Մինչեւ Քարվաճառ տանող Սոթք-Կութի հատվածով Սեւանի լեռնանցք է կոչվում՝ երկու հողմային էլեկտրակայաններ կան՝ գրեթե այդտեղ ենք հասել։ Դրանից այն կողմ կանգնած են հայերն ու ադրբեջանցիները։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ այնտեղ ռուսներ չկան, չգիտեմ, թե այդ ինֆորմացիան ով է տարածում, բայց իրականում այնտեղ ռուսներ չպետք է լինեն»,- նշեց Կիրակոսյանը։
Սոթքում երեկվա դրությամբ միայն հանքի աշխատողներն էին՝ ռուսները, պահպանության աշխատակիցները։ Նարինե Կիրակոսյանն ասաց նաեւ, որ այս մասում Վարդենիսի երկու գյուղերի՝ Մասրիկի եւ Փոքր Մասրիկի մասում եւ դեպի Ճամբարակ տանող հատվածի գյուղերում տարածված են քրիստոնեական տարբեր աղանդներ, որոնց ներկայացուցիչներն իրեն ասել են, որ 30 տարի հաղթանակած ենք եղել, իսկ հիմա եկել է հատուցման պահը, եւ նշել են, որ իրենց համար թուրքի հետ ապրելը նորմալ է։
«Մարդկանց մյուս հատվածը, որն ավելի մեծ մաս է կազմում, ասում են՝ զենք տվեք, գնանք կռվենք։ Կոնկրետ ոչ մի տեղ վախ չեմ տեսել, միայն Կութ գյուղում ԴՑՊ-ով հիվանդ երեխայի են տեղափոխել, որ ձայները չլսվեն, որովհետեւ երեխան վախեցել է այդ ձայներից։ Թե չէ գյուղերից ոչ ոք ոչ մի տեղ չի գնացել։ Ասեմ, որ 2016 թվականի ապրիլյանի ժամանակ այդ նույն գյուղերն ահագին զինվորներ են տվել։ Գեղարքունիքի մարզն ընդհանրապես ու հիմա էլ այնպես չի, որ վախկոտներ են։ Ասում են՝ զենք տվեք՝ կռվենք, որովհետեւ անհնար է ամեն օր կրակոցների մեջ ապրել։ Ադրբեջանցիները երբեմն գալիս են, խանութ են մտնում, որովհետեւ այդ լեռներում գրունտային ճանապարհներ կան, որոնցով կարելի է հասնել բնակավայրեր։ Ինձ այդպես ասացին, սկզբի ժամանակներում նույնիսկ Վարդենիսի ռեստորաններից մեկում նստել են, հաց են կերել՝ ես էլ այդ մասին ահազանգեցի»,- շեշտեց Նարինե Կիրակոսյանը՝ կարեւորելով եւ ողջունելով գյուղացիների զգոնությունը, որ նրանք անծանոթների տեսնելով՝ անձնագիր են պահանջում։