«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ է, իշխող թիմի անդամներն իրար միս են կրծում, իրավիճակը հարթելու համար մարզ են հրավիրել ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանին, ով այսօր, մեր տեղեկություններով, այցելելու է Կապան՝ ՔՊ խորհրդի նիստին մասնակցելու։
Իշխող կուսակցության մարզային կառույցին բազմիցս ենք անդրադարձել։ Գրել ենք, որ այն փորձում է իրենով անել մարզից ընտրված պատգամավոր Դավիթ Դանիելյանը, եւ չնայած փորձերը չհաջողվեցին՝ խորհրդում նրա թիմը փոքրամասնություն է կազմում՝ 2, մաքսիմում՝ 3 հոգի, սակայն ընդդեմ Դանիելյանի կոալիցիա է ձեւավորվել։
Հատկապես չեն կարողանում մարսել այն, որ ամիսներ առաջ Դանիելյանի քավորությամբ Պոլիտեխնիկ համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտոր է նշանակվել Լեռնիկ Պետրոսյանը, ով ժամանակին հրապարակավ քննադատում էր Փաշինյանին։ Ըստ Կապանի մեր աղբյուրի՝ ՔՊ-ականներն այդ նշանակումից հետո նամակներ են գրել վարչապետին, սակայն պատասխան չեն ստացել եւ կասկածում են, որ Դանիելյանը վարչապետի աշխատակազմում ունեցած կապերով խոչընդոտել է դրան։
ՔՊ-ականները՝ Պապոյանի միջոցով, վերեւներին ուզում են փոխանցել․ եթե իրենք պետք է լինեն ֆորմալ կառույց, իսկ հարցերն այլ տեղում լուծվեն, ապա լուծարեք կառույցը՝ մենք էլ գնանք տուն։ Սյունիքի մարզի անվտանգային խնդիրների ֆոնին ՔՊ-ականների այս նեղ-խմբակային ինտրիգները շատ խոսուն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում