Search
Close this search box.

Թուրքիայից մեղադրում են, Մոսկվայից` հերքում

Էրդողանի մրցակիցը Մոսկվային մեղադրել է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Նախօրեին նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել է, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում»։

«Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, հեռու պահեք ձեր ձեռքերը թուրքական պետությունից», — գրել է Քըլըչդարօղլուն:

Իր հերթին Կրեմլը հերքում է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու մասին Քեմալ Քըլըչդարօղլուի մեղադրանքները։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի հայտարարությանը, հավաստիացրել է, թե Մոսկվան այլ երկրների ներքին գործերին չի միջամտում:

«Մենք բազմիցս ասել և պնդել ենք, որ չենք միջամտում այլ երկրների ներքին գործերին և ընտրական գործընթացներին»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով. — «Մենք պաշտոնապես հայտարարում ենք այն մասին, որ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող, և եթե ինչ-որ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկություններ է փոխանցել, ուրեմն նա ստախոս է»։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են մայիսի 14-ին։ Հիմնական մրցակիցներ են գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ընդդիմադիր մի շարք կուսակցությունների կողմից առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուն։ Վերջին հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մեծամասնությունը։

Մոսկվան Էրդողանի իշխանության օրոք՝ հատկապես վերջին տարիներին, ակտիվ համագործակցում է Անկարայի հետ։ Թուրքիայի կառավարությունն իր հերթին հրաժարվեց միանալ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներին՝ պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ ի պատասխան Ուկրաինա ներխուժման:

Please enter a valid URL