Երիտասարդ երգչուհի Բրյունետը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթահարեց մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 13-ին:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Քվեարկել կարող էին միայն երկրորդ կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից՝ Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր էր նաև աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի օգնությամբ:
Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէր: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում էր 1004 կարճ համարը:
Եզրափակիչ փուլ անցան նաև Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան, Սլովենիան: