Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շաբաթներ առաջ Արցախի քաղաքական եւ հասարարակական շրջանակների մասնակցությամբ ճգնաժամից դուրս գալու ռազմավարություն էր կազմել եւ ապրիլի 23-ին ներկայացրել նախագահ Արայիկ Հարությունյանին եւ կառավարությանը։ Ծրագրում տասնյակ կետեր են նշված, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ճգնաժամից դուրս գալու համար: Մենք տեղեկացանք, որ անգամ Արցախը ռազմականացնելու՝ զորահավաք եւ նման այլ գործողություններ հայտարարելու առաջարկ է արված։ Մայիսի 9-ի հանրահավաքին Ռուբեն Վարդանյանը հրապարակային վերջնագիր է ներկայացրել Արայիկ Հարությունյանին՝ ասելով, որ կարմիր գծերն արդեն հատել ենք, եթե կառավարությունը դա չի իրականացնելու, ապա իրենք կանեն: Թե ինչպես` Վարդանյանը չի մանրամասնել։
Ծրագիրը կազմվել է խորհրդարանական չորս ուժերի, ՀԿ-ների, անհատների, փորձագետների կողմից, որի մասին նաեւ Վարդանյանը հայտարարեց հանրահավաքին: Չի մասնակցել միայն Սամվել Բաբայանի կուսակցությունը։ Սակայն Արցախի իշխանությունը դեռ չի պատասխանել դիմումին, թեեւ ընթացակարգով սահմանված 15-օրյա ժամկետը լրացել է մայիսի 8-ին։ Ի դեպ, արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ Վարդանյանի հայտարարությունը Սամվել Բաբայանը որոշել է իր օգտին օգտագործել` հանրահավաքից հետո փակ հավաքներին նա խոսում է այն մասին, որ խորհրդարանում միակ ընդդիմությունն իրենք են, այն դեպքում, երբ Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիքի» պատգամավորները կողմ են քվեարկում իշխանության ներկայացրած բոլոր նախագծերին։