Կրեմլը Երևանին և Բաքվին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին:
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացման ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ ներկայում նախատեսված չեն:
«Իհարկե, մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում, հորդորում ենք չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի, մենք կշարունակենք մեր շփումները թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ», — ասել է նա։
Բացի այդ, ըստ Պեսկովի, «Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:
Հայկական կողմն ունի չորս վիրավոր:
Ադրբեջանը հայտնել է զոհի մասին: