Search
Close this search box.

Թովմասյանը դիմել է միջազգային կառույցներին` կոչ անելով պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել ու պատասխանատվության ենթարկել` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա հիշեցրել է, որ դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էր, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ, որը տեսանելի է եղել անգամ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։

«Բացի այդ, Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ահազանագել էի նաև ապրիլի 25-29-ին Բրյուսել կատարած այցիս ժամանակ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներում»,– գրել է նա։

Նա ցավով փաստում է, որ միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին, չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան։
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։

Please enter a valid URL