2018 թվականի փետրվարի 6-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին տեսակցության եկած ազգական, Գյումրի քաղաքի բնակչուհի Ս. Ն.-ին, ինչի արդյունքում վերջինիս ձախ կոշիկի ներբանի միջից հայտնաբերել եւ առգրավել են բջջային մեկ հեռախոս, իսկ աջ կոշիկի ներբանից` բջջային հեռախոսի լիցքավորիչ, ինչպես նաեւ սեւ գույնի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա էր ընդհանուրը 20.4 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված:
Ավելի վաղ` փետրվարի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Կ. Պ.-ին: Վերջինիս գուլպայի միջից հայտնաբերել եւ առգրավել են 2,4 գրամ դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: