Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվում է վիզային ռեժիմը։
Այսուհետ 90 օրով Ռուսաստան այցելելու համար Վրաստանի քաղաքացիները վիզայի կարիք չեն ունենա։
«Որոշում եմ. սահմանել, որ 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելն ու ՌԴ-ից ելքն իրականացնում են առանց մուտքի արտոնագրի` իրենց անձը հաստատող վավեր փաստաթղթերի (Վրաստանի քաղաքացու, դիվանագիտական, ծառայողական անձնագրեր, նավաստու գրքույկ, Վրաստան վերադառնալու ճամփորդական փաստաթուղթ) հիման վրա։ Բացառություն է լինելու աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՌԴ մուտք գործելու դեպքում, կամ 90 օրից ավելի ժամկետով Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու, այդ թվում` կրթություն ստանալու նպատակով»,– ասված է փաստաթղթում։
Պուտինը նաև չեղարկել է Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականի ամռանը։