Թուրքիայում նոր երկրաշարժեր են գրանցվել փետրվարին տեղի ունեցած ավերիչ ցնցումներից տուժած տարածքում։ Այս մասին մայիսի 9-ին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակը:
Նշվում է, որ մայիսի 8-ին ժամը 23:20-ին Ադիյաման նահանգի Չելիխան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8,64 կմ խորության վրա։
Բացի այդ, երեքշաբթի ժամը 06:11-ին 3,9 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Քահրամանմարաշ նահանգի Թյուրքօղլու շրջանում. էպիկենտրոնը 7 կմ խորության վրա է եղել։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հազարավոր հետցնցումներ, զգացվել են նաև հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը։