Search
Close this search box.

FLYONE ARMENIA ավիաընկերությանը թույլ չի տրվել վայրէջք կատարել Դուբայում․ ուղևորները 6 ժամ սպասել են ինքնաթիռում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է.

Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 13:10-ին, բայց Դուբայ հասել է երեկոյան ժամը 19:46-ին:

Կարենի կինը՝ Շուշաննա Սայադյանը, մինչ երեկո չի կարողացել խոսել ամուսնու հետ։ Կեսօրին՝ 14:30-ին, ամուսնու հեռախոսահամարից մի քանի զանգ է ստացել, բայց խոսել չի հաջողվել, կինն ավելի է անհանգստացել, այդ ընթացքում զուգահեռաբար փորձել է կապ հաստատել նաև ավիաընկերության հետ, բայց՝ անօգուտ։

Երեկոյան ժամը 20։00-ից հետո, երբ Կարեն Գասպարյանը հասել է հյուրանոց, պատմել է կնոջը, որ դեռ չհասած Դուբայի օդային սահման՝ ինքնաթիռը հետադարձ է արել ու վայրէջք կատարել Իրանում՝ «Շիրազ» օդանավակայանում։

«Իրենք 6 ժամ սպասել են ինքնաթիռում, քանի որ չեն թողել Դուբայ մտնել, հետո ես մտա օնլայն նայեցի ու տեսա, որ այն ինքնաթիռը, որը մեկնել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության անունից, նույն ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը և թռել արդեն որպես «Mongolian airways», այդպես նրանց մուտքը Դուբայ չի արգելվել»,- պատմել է Շուշաննան։

Կարենը կնոջն ասել է, որ ինքնաթիռում նրանց անվճար սնունդ չեն տվել, վաճառել են ինքնաթիռում եղած սնունդը՝ չնայած որ ավիաընկերության պատճառով է եղել չնախատեսված վայրէջքը Իրանում, իսկ ուղևորներին ինքնաթիռից դուրս գալ չեն թույլատրել, Կարենն էլ կնոջ հետ խոսել չի կարողացել, մինչդեռ ավիաընկերության հրապարակման մեջ նշվում է, որ կանգառի ժամանակ «FLYONE ARMENIA» ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։

Ըստ Կարենի՝ նրանք 3 ժամ սպասել են, մինչև Հայաստանից գումար փոխանցեն, որ ինքնաթիռը կարողանան լիցքավորել։
Թռիչքից առաջ ավիաընկերությունը (այս դեպքում` «FLYONE ARMENIA»-ն) դրա թույլտվության համար դիմում է իր երկրի ավիացիոն իշխանություններին, իսկ դրանից հետո նաև այն երկրներին, որոնց երկինք մտնելու է օդանավը թռիչքի ընթացքում։ Այսինքն, կարգի համաձայն, թռիչքից առաջ ավիաընկերությունը նախապես պետք է ունենա այն երկրների համաձայնությունը, որոնց օդային տարածք մտնելու է։

Լրատվականը դիմել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանին, վերջինս պատասխանել է գրավոր, ապա գրավոր նամակը ստանալուց հետո, նույն պատասխանը՝ որպես ավիաընկերության կողմից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն, տարածվել է մամուլում։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

Please enter a valid URL