ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 86-ամյա Կատյա Խ.-ի դին, որի որդին հայտնել է, թե մայրը հանկարծամահ է եղել, այնինչ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել, հայտնում է shamshyan.com-ը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 6-ին, ժամը 20:50-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները կնոջ դին հայտնաբերել են տան ննջասենյակում՝ անկողնում։
«Տանը մահացածի որդին ոստիկաններին ու քննիչներին փորձել է համոզել, որ մայրը հանկարծամահ է եղել, ու մինչ դեպքի վայրում աշխատել է դատական բժիշկը, ոստիկանները պարզել են, որ որդին ստում է։ Դատաբժիշկը հայտնել է, որ մահացածի աչքերի շրջանում առկա են եղել կապտուկներ, քթի և բերանի շրջանում՝ արնանման հետքեր, պարանոցի շրջանում՝ քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ»,– հայտնում է կայքը։
Նշվում է, որ մահացածի որդին` Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ն, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն: