ՌԴ խաղաղապահների միջոցով կարողացել ենք մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ
Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ ՀՀ հետ սահմանին (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում) Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի:
Այսօր վերջապես կարողացել ենք ԱՀ կառավարության կողմից ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել նշյալ համայնքների բնակիչներին:
Ադրբեջանը շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը և՛ Արցախ-Հայաստան սահմանին տեղադրված ապօրինի անցակետի, և՛ Շուշիի մոտ ճանապարհի՝ արդեն բացահայտորեն ադրբեջանական պետության կողմից ապօրինի արգելափակման միջոցով: Իսկ Արցախի հումանիտար մատակարարումները կատարվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալներով: Լրացուցիչ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից փոխադրումների վերականգնման ուղղությամբ»,- գրել է նա: