ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կեսօրից հետո Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով՝ պաշտոնական ճաշի շրջանակում: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:
Հիշեցնենք` վարչապետի մամուլի ծառայությունը երեկ էր հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: