Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված դպրոցի պատուհանների վրա հայտնաբերել են մոտ 20-ից ավելի կրակոցի հետքեր։
Այս պահին դեպքի վայրի զննություն էկատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են կրակոցների հեղինակները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կրակողների ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։