Search
Close this search box.

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը

Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։

Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:

«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», — փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։

Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն. — «Վաշինգտոնը պատիվ ունի հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, մինչ նրանք աշխատում են խաղաղության ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղ ապագան առաջ մղելու նպատակին։ Կողմերի ուղիղ երկխոսությունը երկարատև խաղաղությանը հասնելու և խնդիրները լուծելու բանալին է։

Հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակն ու բնույթը կողմերի գործն է։ Մեր նպատակն է տարածք տրամադրել, որտեղ կարող են տեղի ունենալ երկկողմ քննարկումներ, և կողմերը կարող են միասին կատարել իրապես դժվարին աշխատանքը՝ երկարատև խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։ Ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ` կողմերին վերաբերող հարց է»։

Please enter a valid URL