«Հրապարակ» թերթը գրում է. Ապրիլի 15-ից Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները տարհանվել են։ «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցչին հարցրինք, թե ինչ է լինելու Սոթքի մոտ 800 աշխատողի ճակատագիրը, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություն տալ։ Մեր տեղեկություններով, աշխատակիցներին արդեն ասվել է, որ հանքը փակվում է: Հանքի աշխատողներից հաղորդեցին, որ «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարությունն այս պահին արձակուրդում է` մինչեւ մայիսի կեսերը։
Աղբյուրը հայտնեց, որ 8 անգամ փորձ է արվել աշխատողներին մտցնել հանք եւ վերսկսել աշխատանքը, սակայն կրակոցների պատճառով բոլոր փորձերը ձախողվել են։ Աշխատողները սպասողական վիճակում են։ Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ ռուսական ընկերության ղեկավարության եւ ադրբեջանցիների միջեւ բանակցությունները, որոնք սկսվել էին պատերազմից հետո, նույնպես դադարեցված են։ Դրանց ընթացքը կախված է սահմանի դեմարկացիայից եւ դելիմիտացիայից, իսկ սահմանն անցնում է հենց Սոթքի հանքավայրով։
Հիշեցնենք․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ամենախոշոր հանքավայրի տարածքը կիսվեց երկու մասի՝ հայկական եւ ադրբեջանական։ Այն փաստացի պատերազմական գոտի էր, պարբերաբար ռմբակոծվում էր ադրբեջանական զինուժի կողմից, սակայն «Գեոպրոմայնինգը» դեռ հույս ուներ, որ ադրբեջանցիների հետ ուղիղ բանակցությունների գնալով՝ կկարողանա հասնել նրան, որ հայկական կողմին, որպես անվտանգության գոտի, որոշակի տարածք կտրվի։ Խոսվում էր նույնիսկ հայկական կողմից դրա դիմաց այլ տարածքի զիջման մասին։ Ապրիլյան ռմբակոծություններից հետո պարզ դարձավ, որ հանքավայրի խաղաղ առօրյան չի վերականգնվի։