«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, բնականաբար, մեծ հետաքրքրություն են առաջացրել Լաչինի միջանցքում տեղադրված անցակետերի ֆոնին: Երեկ Աժ իշխանական պատգամավորների շրջանում հարցուփորձ արեցինք՝ ինչ գիտեն, ինչ է կատարվում Արցախի շուրջ: Արդյոք Արցախի Հանրապետությունը ունի՞ ապագա, եւ որտե՞ղ է այն:
Պարզվեց, որ իշխանականների միայն նեղ շրջանակ է տեղյակ, թե ինչ են բանակցում հայկական եւ ադրբեջանական կողմերը Վաշինգտոնում. շատ դեպքերում ՔՊ-ականները մամուլից են տեղեկանում բանակցությունների մանրամասների մասին: Կարելի է ասել՝ ՔՊ-ականները շունչները պահած սպասում են, որ այսօր Փաշինյանը խորհրդարանում կներկայացնի՝ ինչ է բանակցում Հայաստանը Վաշինգտոնում, ի վերջո, նոր փաստաթուղթ լինելու է, թե ոչ:
Իշխանական պատգամավորներն իրենք էլ հասկանում են, որ պահն իսկապես լուրջ է, դանակը ոսկորին է հասել, եւ Հայաստանն այլեւս մանեւրելու տեղ չունի, դրա համար էլ փորձում են հանրության ականջին կաթեցնել արցախահայությանը Ադրբեջանի կազմում որպես էթնիկ փոքրամասնություն դիտարկելու հնարավորության մասին, իրենց խոսքով՝ միջազգային հանրության անվտանգային երաշխիքների առկայության պայմանով:
Իսկ թե ինչ երաշխիքներ են դրանք, ով պետք է տա այդ երաշխիքները, կամ այդ երաշխիքները կարող են արդյոք զսպել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները, թերեւս իշխանականներն իրենք էլ չգիտեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում